Ոչ միայն ատելության խոսքի տեսակները, այլև ընդհանրապես անձանց ճնշման ենթարկելու տարբեր մեթոդները (դա կլինի ֆիզիկական, հոգեբանական բռնության միջոցով) ավելի արտահայտված և վտանգավոր են հատկապես փակ միջավայրերում, ԶՈՒ-ում՝ ևս: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով բանակում բուլինգի ենթարկելու, ատելության խոսքի տարածման դեպքերին:
«Պիտի արձանագրել, որ այս առումով զարգացումներ ունենք տարիների կտրվածքով, որովհետև այն միջավայրը, որը շատ երկար տարիներ առաջ էր ԶՈՒ-ում, և այն միջավայրը, որ այսօր կա ԶՈՒ-ում, միանշանակ միմյանցից տարբերվող միջավայրեր են:
Բայց չենք կարող չասել, որ խնդիրները դեռ որոշակի ծավալով շարունակում են պահպանվել, և այս ուղղությամբ ճիշտ նպատակի իրացմանը հասնելու համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք պրոֆեսիոնալ աշխատանքի ձևաչափ մշակել, այսինքն՝ ԶՈՒ-ում ունենանք բավարար քանակությամբ հոգեբաններ, այնպիսի մասնագիտություն ունեցող անձինք, որոնք կարող են աշխատել ոլորտային հարցերը թիրախավորելու համար, և որ ավելի կարևոր հարցերից մեկն է՝ կարողանանք նաև պատասխանատվության ենթարկենք անձանց, որոնք հակաիրավական վարքագծով են աչքի ընկնում, որովհետև եթե չեղավ պատասխանատվության մթնոլորտ, բոլորին կթվա՝ թույլատրելի եղանակ են [բուլինգը, ատելության խոսքը]»,- ասաց նա: