ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ հեռարձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից իջեցնելով 2-ի:
Ըստ հիմնական զեկուցող Թագուհի Ղազարյանի՝ սա չի նշանակում, որ հանրային հեռարձակողները չեն կարող լինել երկուսից ավելի, այս պահին կա հանրային միջոցներով սպասարկվող 5 հեռարձակում: Նախագծի արդյունաքում ակնկալվում է նաև միջոցների արդյունավետ բաշխում:
«Նկատի ունենք, որ նախորդիվ հանրային հեռարձակողներից մեկի կապակցությամբ պետությունը 1 անձից՝ 1 ՍՊԸ-ից, տարիների ընթացքում շուրջ 3 մլրդ դրամի գնում է կատարել առանց մրցույթի: Կարծում ենք, որ այդ միջոցներն այսուհետ կարող են ավելի արդյունավետ ծախսվել՝ նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրօգուտ մեդիամիջավայրի հիմնադրամն այդպիսի միջոցները, այդպիսի բովանդակության համար նախատեսված միջոցները (նկատի ունեմ՝ կրթական, մշակութային կոնտենտի համար միջոցները) այսուհետ բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև, և բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան՝ հանրային միջոցներից օգտվելու և ապահովելու մշակութային ու կրթական բովանդակության բազմազանություն»,- ասաց հիմնական զեկուցողը:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը արձագանքեց՝ կարծիք կա, որ նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է, Թագուհի Ղազարյանը հաստատեց տեղեկությունը:
«Դա մտահոգություն և կարծիք չէ: Այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք: Այո՛, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև այս տարիների ընթացքում 3 մլրդ դրամական միջոցներն առանց մրցույթի և 1 անձից գնումների ընթացակարգով տրվել է 1 կազմակերպության:
Կարծում եմ, որ թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրացվեր միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը»,- ասաց Թագուհի Ղազարյանը: