Իմպիչմենտի հիմնական ուժը, այն հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է փողոցային պայքարով: Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության» նախագիծը 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:
Մամիջանյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է, դա է պատճառը, որ նախաձեռնվել է գործընթաց:
«Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էր 6 պատգամավոր: Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ և հոկտեմբերի 8-ին փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն»,- հայտարարեց Մամիջանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ անցյալ շաբաթ հանդիպել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ՝ քննարկելու գործընթացին նրանց մասնակցության հարցը:
«Այս պահին կարող եմ հայտարարել, որ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը չեն խոչընդոտի գործընթացին, և քննարկումները շարունակվում են»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ նկատեց՝ նախագծի անունը փոխվել է՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հարցը, թե արդյոք հնարավո՞ր է գումարման ընթացքում փոխել նախագծի անունը:
Անդրադառնալով բուն իմպիչմենտի գործընթացին՝ նա նկատեց, որ իմպիչմենտը նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, իսկ այս պարագայում խոսքը Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին է, իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարությամբ, այլ դիմումների առկայությամբ:
«Քաղաքացիներին տեղեկացնեմ, որ համապատասխան քանակի դիմումների հավաքումը դեռևս բավարար չէ Կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Դա անհրաժեշտ է որպես հիմք համապատասխան գործընթաց սկսելու համար, որովհետև ԱԺ-ն պետք է Կառավարությանը անվստահություն հայտնի: Բայց հանձնաժողովի նիստին հնչեց քաղաքական հիմնավորում, թե ինչ նպատակ կարող է հետապնդել քաղաքական ուժը, որը հերթական ընտրություններից ամիսներ առաջ ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է գործընթացի վրա, որը բացարձակապես որևիցե արդյունք չի կարող բերել,- ասաց նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, հանձնաժողովը մանրամասն վերլուծության է ենթարկել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը և որոշել: Փաստաթղթում առկա իրարամերժ բնույթի դատողություններն ուսումնասիրելով՝ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին»:
Քվեարկության դրվող հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը լիակատար աջակցում է հայտարարության նախագծին. «Հետևաբար, «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելուն»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին խմբակցության անունից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին. «Խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին և իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ԱԺ օրակարգում՝ տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարարության միջոցով: Դեմ ենք քվեարկելու»:
Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ չնայած որոշում են կայացրել Հակոբ Ասլանյանի հետ, որ չեն խոչընդոտելու հայտարարության ընդունմանը, հարցի քննարկմանը և ընդհանրապես զարգացումներին, բայց կան քննարկման հարցեր, և հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն, ուստի այս պահին երկուսով ձեռնպահ կքվեարկեն:
Այսպիսով՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության» նախագիծը 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց: Նախագծին կողմ քվեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 2: