Մեր չմարվող և չհանգող խնդիրների շարքում են կոյուղատար համակարգում անվերջանալի վթարները, որոնց համար կրկին ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանն ուղիղ պատասխանատվություն չի կրում, բայց ակնկալիքներ կան նաև Երևանի քաղաքապետարանից: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կոյուղատար համակարգի վթարներին:
«Մենք հաջորդ տարվա համար մոտ 300 մլն դրամ դրել ենք հրատապ կոմունալ բյուջե, որը պետք է կարողանանք հրատապություն պահանջող որոշակի խնդիրներ լուծել, բայց, կարծում եմ՝ նաև պետք է իրավական ձևակերպումը հասկանանք, որովհետև մենք պարբերաբար այս ուղղությամբ գումարներ ենք ծախսում»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի՝ կոյուղատար համակարգում շաբաթական 400 վթար է լինում, որոնք «տեր չունեն», և Երևանի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնում սպասարկել դրանք: Ավինյանը նաև կարծում է՝ Կառավարության գործընկերների, «Վեոլիա ջրի», Ջրային կոմիտեի հետ պետք է քննարկել և պարզել, թե խնդրի տերը ով է:
«Եթե ուզում են՝ մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք… Ես օրական մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր կոյուղիների վթարների վերաբերյալ: Չնայած, էլի եմ ասում՝ կոյուղիները, ամբողջ ցանցը պետական գույք է, մի մասը հանձնված է «Վեոլիա ջրին», մի մասը հանձնված չէ: Մենք ինչ-որ լուծումներ պետք է գտնենք այդտեղ»,- ասաց նա:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ է գույքագրում իրականացնել, Ավինյանը պատասխանեց. «Լա՛վ, երեք տարի է՝ գույքագրում ենք։ Իմպերատիվ որոշել եմ՝ 300 մլն դրամ պետք է հաջորդ տարի հատկացնենք՝ անկախ գույքագրումից, իրավական որևէ ձևակերպումից, մեր գո՞ւյքն է, թե՞ չէ, մենք պե՞տք է սպասարկենք, թե՞ չէ. մարդիկ մեզանից ակնկալիքներ ունեն»։