Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառել է երկրում գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների 30 տոկոսը, բայց այդ 30 տոկոսը ամենահաճախ օգտագործվող ծառայությունների 30 տոկոսն է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը Հայաստանում ամենահաճախ հանդիպող հիվանդությունների մասին է:
«Լինելու են դեպքեր, երբ սոցցանցերում տեսնելու ենք, ասելու են՝ Կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր համակարգ է ներդրվում, բայց մենք գնացինք, մեզ ասում են՝ պետք է վճարեք: Այդպիսի դեպքեր լինելու են, բայց քաղաքացիների շատ մեծ տեսակարար կշիռը այլևս ծախս չի անելու՝ բացի առողջության ապահովագրության համար վճարումներից:
Այստեղ էլ հաստատված խաղաղության արդյունքում մենք նաև հնարավոր ենք համարել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ քաղաքացիների կատարվող պարտադիր վճարների մի մասը նվազեցնենք, և քաղաքացիների այն գումարը, որ իրենք հիմա վճարում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այդ գումարների մի մասը կուղղենք առողջության ապահովագրությանը»,- ասաց նա և հավելեց. «Այս տարի Կառավարությունը կվճարի բոլորի համար, մյուս տարվանից արդեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նվազեցվող հատվածը կկոմպենսացնի քաղաքացիների ծախսը: Իհարկե, նաև համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն՝ նախատեսված առողջապահության համար»: