Հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է, և հոկտեմբերի ընթացքում, տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով, նաև այն կրծքին ամրացնելով, մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման և տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասին: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 16-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հիշեցրեց՝ այս տարի ևս Երևանում մի շարք շենքերի վրա փակցվել են հիշեցնող պաստառներ, նաև այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետպատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը:
«Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել: Մեր կարգախոսն է, որ 1 հետազոտությունը կարող է կյանք փրկել:
Պետք է հիշեցնել, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության և մահացածության բեռ է, և նման արշավների միջոցով, գրագետ, ճիշտ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛, իհարկե, շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև Կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ առողջապահական ապահովագրության մեջ սքրինինգները ներառվո՞ւմ են, նախարարը պարզաբանեց՝ ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում:
«10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սքրինինգային հետազոտություններ, և ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդությունը կանխարգելվում ու բուժվում:
«Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, և հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավաճիռ է: Իհարկե, բարեբախտաբար, շատ են դեպքերը, երբ հիվանդությունը բուժվում և հաղթահարվում է, բայց, իհարկե, սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը, և այդ առումով այս ծրագիրն իսկապես կարևոր է:
Նաև, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է, և շատ կարևոր է՝ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի:
Ավանեսյանն արձագանքեց՝ սքրինիգրային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների՝ պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումն արդեն իսկ վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն են ունեցել:
«Մենք 2023 և 2024 թվականի տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում: Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացությունների թվի կրճատում, ինչը լավ ընթացք է, և սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր դեպքերը, և ճիշտ բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր»,- ասաց նա: