Մոսկվան այժմ էլ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ դիվանագետը նշել է, որ Մոսկվան առանձնահատուկ նշանակություն է տալիս երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը։
«Ակնհայտ է, որ բոլոր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք։ Պատրաստ ենք Երևանին և Բաքվին անհրաժեշտ աջակցություն տրամադրել՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- շարունակել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նշանակալի և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում։
Փոխարտգործնախարարը նաև գոհունակություն է հայտնել Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացման կապակցությամբ: Գալուզինի խոսքով՝ այդ գործընթացը սկիզբ է առել Մոսկվայի աջակցությամբ: «Հանդես ենք գալիս կողմերի միջև հնարավորինս արագ հաշտեցմանը և պատրաստ ենք աջակցել մեր հայ և թուրք գործընկերների ջանքերին»,- եզրափակել է պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսաշարում: