ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի խնդրանքով անդրադարձավ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին:
«Այդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետք է գնահատական տան, և երկրորդը՝ մյուսները նույնպես գնահատական պիտի տան: ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից, քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որով կարելի է և կիրառելի է ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- նշեց վարչապետը։
Նա ավելացրեց, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր կա այնտեղ: «Գիտենք, որ այնտեղ կաշառք է բաժանվել: Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ, ընտրակաշառք բաժանելով, թյուրիմացաբար հասնեն այդ կարգավիճակին, բայց ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: