Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր ՀՀ. քննարկումները սկսվել են, և դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ Թրամփի ուղու վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում TRIPP-ի օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. մեծ հետաքրքրություն կա: Այստեղ մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 9-ի առավոտը նայում ենք՝ էքսկավատորն այնտե՞ղ է, եթե չէ՝ ֆեյք է էլի հերթական. այդպես չի աշխատի: Այս պրոցեսների արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների. ինչ որ փորձենք արագ անել՝ չի ստացվելու, պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների: Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- նշեց վարչապետը:
Նա հայտնեց, որ քննարկումներ են սկսվել կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ: «Կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։