ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը։
Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։
Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ջեջե Օդոնգոն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։