Սեպտեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրության և քաղաքականության հարցերով ավագ վերլուծաբան Դենիել Գոթֆրիդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցությանն առնչվող առաջնահերթ հարցեր։ Քննարկման հիմնական ուղղությունները վերաբերել են Հայաստանի դերին կիսահաղորդիչների մատակարարման շղթայում, և կարևորվել է այս ոլորտում երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից ԱՄՆ արտահանման և ներմուծման մեխանիզմների պարզեցման անհրաժեշտությանը, ինչը կարևոր պայման է երկրի տեխնոլոգիական հասանելիության ընդլայնման և առաջատար տեխնոլոգիաներին ու լուծումներին` Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության ապահովման տեսանկյունից։