Առաջարկում եմ «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ մենք մեր հարաբերությունները փոխենք: Ինչո՞ւ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք այդ ժողովրդավարությունը քննարկել, ստեղծել, կառուցել: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է այն ժողովրդավարական իդեալը, որին ձգտում է իր կառավարման ընթացքում:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ նախկին շրջանին, թե ինչի մասին ենք երազել, հիշեց 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը, որից հետո, ըստ Փաշինյանի, ՀՀ-ում որևէ ընտրություն չի կեղծվել:
«2018 թվականից այս կողմ Հայաստանում որևէ ընտրություն կեղծվե՞լ է: Կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ո՛չ, ոչ մի ընտրություն չի կեղծվել: Այսօր Հայաստանում ցանկացած մարդ ցանկացած բանի մասին կարո՞ղ է տեսակետ հայտնել, կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի լինի, եթե ասեմ՝ այո՛: Այսօր Հայաստանում կա՞ ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում, կարծում եմ՝ ամբիցիոզ չի լինի իմ ասածը, եթե ասեմ՝ ո՛չ: Հայաստանում մամուլը գործո՞ւմ է ազատորեն: Կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ արտահայտությունը, որ ասեմ՝ այո՛, գործում է ազատորեն»,- ասաց նա:
Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ հարցին, թե ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարական արժեքների կրողը:
«Թույլ տվեք ասել՝ այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողը իշխանությունն է: Ժողովրդավարության լիդերը ո՞վ է Հայաստանում: Կարո՞ղ է որևէ մեկը ասել դրա մասին. իշխանությունն է, քաղաքացիական հասարակությունը: Թույլ տվեք ասել, որ (այդ թվում վերջին շրջանի քաղաքական-գաղափարական փոփոխություններով և հարցադրումներով) մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում, որովհետև մենք բացում ենք դաշտը, ասում ենք՝ գիտե՞ք ինչ, ուզում ենք բոլոր հարցերը քննարկվեն, հարցադրումները հնչեն:
Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մարդիկ՝ մենք բոլորս, ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրական մոդելներով և իրականությունն ու աշխարհն ընկալելու Ստալինի ստեղծած մոդելով: Մենք ապրում ենք, մենք ընկալում ենք մեր միջավայրը, աշխարհը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ստեղծած մոդելներով և ասում ենք՝ կարո՞ղ է Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական չէ:
Իհարկե, չի կարող Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական լինել, որտեղ մարդիկ՝ ինձնից սկսած, մյուսներով շարունակած, մտածում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով և հայացքներով: Այս առումով ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է: Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, չկա ժողովրդավարություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև կարծիք հայտնեց, թե պետք է խոսել ժողովրդավարության մեր ստանդարտի մասին՝ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում ժողովրդավարությունը:
«Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մասը պարզ հայհոյախոսություն է: Ընդ որում՝ իսկ ո՞վ է, որ ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից: Չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա: Ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա»,- ասաց նա: