Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և զարգացման համար: Այդ մասին Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԱՏՕ ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը և բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար, որովհետև եթե խաղաղություն հաստատվի երկրների միջև, այն կտարածվի ամբողջ աշխարհում, և եթե կա խաղաղություն աշխարհի որևէ հատվածում, կտարածվի նաև աշխարհի մեկ այլ հատվածում:
Իսկ ինչ վերաբերում է սահմաններին, գուցե բացվեն: Հույս ունենք՝ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ: Հիմա արդեն ունենք թռիչքներ, և փորձում ենք ավելացնել ուղիղ թռիչքները դեպի Թուրքիա»,- ասաց նա:
Ըստ Ֆաթմա Աքսալի՝ Հայաստանը, Ադրբեջանը և տարածաշրջանը կարող են լինել խաղաղության հաստատման լավ օրինակ մյուս երկրների համար: