ՀՀ-ն շարունակելու է վարել բալանսավորված քաղաքականություն, բոլոր հարևանների հետ ունենալու է կարգավորված հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության սուվերենության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և մեր ժողովրդի բարեկեցության ու խաղաղության: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր գործընկերների՝ իշխանության հասցեին հնչող քննադատությունների:
«Ինչե՞ր եք խոսում, ժողովուրդ ջան, և, ընդհանրապես, դուք դեռ խոսո՞ւմ եք: Դուք այն մարդիկ եք, որ հնարավոր բոլոր ստերը տարածեցիք խաղաղության համաձայնագրի տեքստի մասին: Տեքստը հրապարակված է, և այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Դիմելով նրանց՝ ասաց՝ ինչու ներողություն չեն խնդրում ամբիոնից իրենց տարածած ստերի համար:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց՝ նա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ստել է ժողովրդին:
«Եկեք էստեղ ասեք ժողովրդին, որ դուք խաբում էիք, եթե չէիք խաբում, գոնե եկեք ասեք՝ մենք սխալվում էինք, որ խոսելու իրավունք ունենաք, հարց տալու լեգիտիմություն ունենաք: Որովհետև ոնց կարելի է 4 տարի գալ, ինչ սուտ ասես ասել, տեռորի ենթարկել մարդկանց՝ դեռ վերբալ ու հոգեբանական, հետո գալ սրբի դեմքով ինչ-որ ճշմարտություններից փորձել խոսել, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ ճշմարտության հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, Հովհաննիսյանը նկատեց՝ ընդդիմադիրների արտահայտած մտքերը հակասում են միմյանց:
«Եկել ասում եք՝ վերադարձ: Ձեր առաջարկը ո՞րն է: Ձեր կողմից այս տեքստը ասելը ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ ԼՂ հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա, այլ մնա: Մնա ու չանցնի այս դժոխային վիճակի միջով, մնա իր հողում: Ինքնորոշում եք խոսում, խառը բաներ եք խոսում, էդ ամենի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար: Չե՞ք ուզում Ղարաբաղի ժողովրդին ասեք՝ մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար:
Ձեր կողմից իշխանական, պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի Հանրապետությունը: Լուծարել եք, դրոշները բերել, դրել եք էդտեղ, որ ի՞նչ: Ամաչեք Ղարաբաղի ժողովրդից, և Ղարաբաղի ժողովուրդը ձեզանից այդ պատասխանը պետք է ստանա»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նա մարտահրավեր նետեց ընդդիմադիրներին՝ ասելով, թե այն տեքստերը, որոնք նրանք ասում են ԱԺ ամբիոնից, գնան ու ասեն ՀՀ քաղաքներում, մարզերում ու կենտրոնական հրապարակներում: