Վաշինգտոնում տեղի ունեցածը, իսկապես, կարևորագույն իրադարձություն է: Ե՛վ ստորագրված տեքստերի մակարդակով, և՛ ստորագրություններին հաջորդած մամուլի հետ շփումների ընթացքում երկրների ղեկավարների կողմից բանավոր վերահաստատումների հարթությունը դիտարկելիս նույնը կարող ենք ասել, որ հաստատվել է խաղաղություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին:
«Այստեղ էլ շահարկումներ կան, ասում են, որ խաղաղությունը հաստատվել է, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ կան, հետևաբար ձեր խաղաղությունը լավ խաղաղություն չէ:
Հիմա ես նորից առիթը պիտի օգտագործեմ՝ ասելու, որ մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը հոգատարություն է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերված բառի տեսանկյունից, յուրաքանչյուր շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից:
Ի վերջո, ճշգրտենք՝ թշնամանքի պատմություն կա երկար, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև, իսկ խաղաղությունը երբեք էլ բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն: Եվ ահա, մենք ճանապարհի սկզբին ենք:
Առաջ անցնելով` ասեմ, որ եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը վերջնական հաստատված է: Շատ պարզունակացնելով՝ մենք նկատի ունենք, որ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, զրոյի ենք ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն»,- ասաց նա: