Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Այս մասին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից՝ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացվել է լուծարման:
Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամն ուղղվել է պետական բյուջե, իսկ մնացած գումարը՝ համայնքային բյուջեներ:
Առնակ Ավետիսյանը ներկայացրել է նաև մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը: Ըստ այդմ՝ պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 4 գնորդի կողմից ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով նախաձեռնվել է դատական գործընթաց: 1 գնորդի կողմից պայմանագրով ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունը չկատարելու հետևանքով հաշվարկվել է 30,000,000 դրամի չափով տուգանք: Նշված գումարի բռնագանձման նպատակով նախաձեռնվել է դատական գործընթաց:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հաշվետվությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: