Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցը արդյունավետ ձևով լուծվել էր, ինչո՞ւ էր 2019 թվականին, եթե չեմ սխավում, մեր Կառավարությունը որոշում ընդունում մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել բնակարանի կարիք ունեցող՝ 1990-ականների փախստականների կարիքներն ապահովելու համար: Բա եթե հարցը լուծվել է 2019-ին, ի՞նչ կարիք կար բնակարանային խնդիր լուծելու համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակումներին:
«Դա ընդամենը մի բանի մասին է խոսում. Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա առավել ևս իրականությունից կտրված է:
Բայց պրոբլեմը դա չէ: Պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել: Եվ հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, այդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ՝ քաղաքական սպանությունների շքերթից սկսած և փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակած:
Ի՞նչ կարող եմ ասել, իրականության զգացումը կորցրած մարդ... 2008-ին էլ էր իրականության զգացումը կորցրած, դրա համար էլ տնից դուրս չեկավ, տանը նստած էր, իր համախոհների հարցերը և կարիքները չհասցեագրեց»,- ասաց նա:
Լրագրողի ռեպլիկին, թե Փաշինյանն այդ ժամանակ Ազատության հրապարակում էր, վարչապետը պատասխանեց. «Ես այնտեղ էի մինչև վերջ, ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել, և որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցել»: