Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ շատ գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից, մասնավորապես ՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք բերված առաջընթացից և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստման հարցում առաջընթացից:
«Դա այն է, ինչին ես ուզում էի հասնել այսօր, և շատ ուրախ եմ, որ մենք հասանք այդ նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցերին:
Սթարմերն ասել է նաև, որ աջակցում է Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։
«Այս օրը ցույց տվեց, որ մենք առաջ ենք շարժվել»,- ասել է նա ՝ հավելելով, որ հանդիպումը ստեղծեց «միասնության իրական զգացողություն» եվրոպական առաջնորդների, Զելենսկու և Թրամփի միջև:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հարցով ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։