Օգոստոսի 8-ի կեսգիշերին՝ 00:30-ին, ստացվեց ահազանգ, որ հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի 4 հասցեի աղբի տեղադրման վայրում: Փրկարար ծառայությունն արձագանքեց ահազանգերին մեծ ռեսուրսով: Առավոտվա դրությամբ՝ ամսի 9-ին, կրակն ամբողջությամբ մարվել էր: Ծավալը մոտ 5 հեկտար էր, բայց աղբավայրը ծխում էր ամբողջությամբ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեանը՝ ներկայացնելով Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Մոբիլիզացվել են ԵԱՍՄ հիմնարկը՝ հնարավոր ամբողջ շարժակազմով և անձնակազմով: Նրանց աշխատանքը տեղափոխվել է աղբավայր՝ հող տեղափոխելու, ջրցան մեքենաներով, ամբարձիչներով աջակցելու: Աշխատանքներին աջակցել են նաև 12 վարչական շրջանների ղեկավարները:
«12 վարչական շրջանները, առանց բացառության, 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին համապատասխան տեխնիկայով, տարբեր չափերի, տրամաչափի, տարբեր ֆունկցիայի մեքենաներով: Շատ ակտիվ է եղել աջակցությունը մեր վարչական շրջանների կողմից, որից հետո դիմեցինք մասնավոր կազմակերպություններին»,- ասաց նա:
Կամո Արեյանը նաև զեկուցեց, որ աղբավայրում օրվա կտրվածքով աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվել է 9 օր, իսկ կիրակի օրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, ծուխը վերացել է: 9 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող:
«Փոքր բաներ են մնացել, հենց հիմա շարունակվում են աշխատանքները»,- ասաց նա՝ առանձնացնելով հատկապես Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ու քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 24-ժամյա աշխատանքները ու աջակցությունն աղբավայրում:
«Բոլոր ռեսուրսները կիրառվեցին շատ արդյունավետ, վտանգը վերացված է, և մենք ունենք այնտեղ շարունակական աշխատանքներ: Այսօր շարունակում ենք հողի տեղափոխումը, և հետագա օրերին ունենք պլանավորված աշխատանքներ»,- ասաց նա:
Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը ևս զեկուցեց, որ ահազանգից կես ժամ անց հայտարարվել էր և՛ հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան, և՛ մարտական հաշվարկները կենտրոնացրել էին տեղում:
«Մինչ այսօր այնտեղ օջախներին մղվել է 22.035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Մինչ այս պահն այնտեղ հերթապահություն է իրականացվում մեր կողմից»,- ասաց Զավեն Մելքոնյանը: