Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան:
Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով, և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:
Այն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համաշխարհային ճանաչում ունեցող աղոթագրքի ամենահին օրինակներից է։ Բնագիրը գրվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր և նկարիչ Գրիգոր Սկևռացու ձեռքով՝ բարձրյալ հայ աստվածաբան Ներսես Լամբրոնացու պատվերով։ Ձեռագիրը պահպանվում է Մատենադարանում՝ որպես հայ գրավոր և մանրանկարչական արվեստի բացառիկ գլուխգործոցներից մեկը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։