Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու թեմային, որ քննարկվում է Հայաստանում:
«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներից ելնելով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, քա՛վ լիցի, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ:
Ես շատ հարգալից, թափանցիկ, ազնիվ, անկեղծ և բաց հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ես շատ բաց, թափանցիկ հարաբերություններ ունեմ ՌԴ Կառավարության ղեկավար Վլադիմիր Միշուստինի հետ, և (քաղաքականը դեռ մի կողմ դնենք) ես այդ հարաբերությունների բերումով մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք նման որոշում կայացնել:
Հա, ամեն ինչը հաշվի առնենք, բայց, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ (չէի ուզենա այդ դաշտ մտցնել, բայց այս պահին մտքովս դա անցավ) կա՞, չէ՞, որ հաց ենք կիսել իրար հետ և այլն: Սա որպես զեղում:
Ես չէի ուզենա, որ մենք գնանք այդ որոշման, և չեմ ուզում: Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են մեզ ստիպել, որ մենք գնանք այդ որոշումներին: Բայց եթե շատ ստիպեն, պիտի ուզած-չուզած գնանք: Բայց ես չեմ ուզում, անկեղծ եմ ասում»,- ասաց նա: