2018-ին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարությունը որպես առաջնային ռազմավարական խնդիր ձևակերպել է մեր պետականության, ՀՀ-ի հարատևության ապահովումը և դրա համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը: Այս ռազմավարական խնդրի իրագործումն ընթանում է դրական հունով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած մարտահրավերներին՝ ՀՀ-ն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ հուսալի դիմակայունություն և գտնվում է զարգացման հուսալի ուղեծրի վրա»,- հայտարարեց նա:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն աշխարհի միակ երկիրը չէ, որ առերեսվում է մարտահրավերների, աշխարհի բազմաթիվ երկրներ, եթե՝ ոչ բոլորը, ըստ վարչապետի, առերեսվում են աննախադեպ մարտահրավերների:
«Մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում առերեսվել է գիտակցված և չգիտակցված մարտահրավերների, այսօրվա առանձնահատկությունն այն է, որ մարտահրավերներին զուգահեռ, այդ թվում՝ զոհերի և զոհողությունների գնով, ՀՀ-ն իր համար ստեղծել են աննախադեպ հնարավորություններ, և կարևորագույն հնարավորությունը պետության, ՀՀ-ի հարատևության տեսական թեզը գործնական իրականություն դարձնելն է:
Կառավարության առաջնային խնդիրն է կառավարել մարտահրավերները և օգտագործել այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր ձևավորվել է: Այս նպատակին է ծառայում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը հիմա արդեն կարող եմ վստահությամբ ասել, որ լայնորեն ընդունվում է ՀՀ ժողովրդի շրջանում: Ավելին, դա ժողովրդի գիտակցության մեջ ծնված գաղափարախոսություն է, որը պարզապես ժողովրդի ներկայացուցիչները ձևակերպել են, թղթին են հանձնել: Այդ գաղափարախոսությունն արդեն իսկ բերում է կոնկրետ արդյունքներ, և դրանցից առանցքայինը ՀՀ անկախության, ինքնիշխանության շարունակական զարգացումն է, արտաքին և ներքին կայունությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական զարգացումը, կոռուպցիայի, ահաբեկչության, հիբրիդային մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետության հարատևության օրակարգին է ծառայում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ միջազգային հեղինակությունն անշեղորեն աճում է: Ըստ վարչապետի՝ ՀՀ-ի միջազգային հեղինակության աճի գործնական արտահայտությունը 2026 թվականին միջազգային երկու հեղինակավոր միջոցառումների՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովների անցկացումն է ՀՀ-ում:
«ՀՀ-ն սպասված գործընկեր է թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում, թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում»,- հայտարարեց նա: