Իսրայելը և Իրանը գիշերվանից շարունակում են փոխադարձ հարվածները: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Թեհրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրամասի և Իրանի հրթիռային որոշ գործարանների հարվածելու մասին: Կիրառվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 50 ինքնաթիռ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ թիրախում է հայտնվել նաև Թեհրանի արևելքում գտնվող Իմամ Հոսեյնի համալսարանը, որը, ըստ իսրայելական լրատվամիջոցների, կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Իսրայելի ՊՆ տվյալով՝ հունիսի 13-ից ի վեր՝ Իրանի տարածքում թիրախավորվել է 1100 օբյեկտ: Թեհրանի պաշտոնական տվյալով՝ Իրանում զոհվել են 48 կին և երեխա, 153-ը վիրավորվել են: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալով՝ վնավել են Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա ցենտրիֆուգները: Կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ օբյեկտի ներսում աննշան ռադիոակտիվ աղտոտում է նկատվել։ Նա նաև հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ապացույցներ չի տեսել, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ծրագիր է վարում:
Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հայտնի է, որ գիշերային հարվածներից տուժել է ավելի քան 90 մարդ: Իսրայելի վարչապետի գրասենյակի վերջին տվյալով՝ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 800-ը։ Շուրջ 4000 քաղաքացի տարհանվել է:
Այժմ ակտիվորեն քննարկվում է հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավվելու հնարավորությունը: Վաշինգտոնում պաշտոնական որոշում դեռ չի կայացվել: Միևնույն ժամանակ, պետքարտուղարությունից վստահեցրել են՝ ակնկալում են, որ Իրանի հետ կարգավորումը հնարավոր է:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է՝ Թեհրանը նոր պատասխան հարվածներ հասցնելու ծրագիր ունի: Մեկնաբանելով կապիտուլյացիայի մասին Իրանին ուղղված՝ Դոնալդ Թրամփի կոչը՝ Ալի Խամենեին շեշտել է՝ իրանցիները կդիմադրեն թե՛ պարտադրված պատերազմին, թե՛ պարտադրված խաղաղությանը: «Վաշինգտոնը պետք է հասկանա՝ մենք չենք հանձնվելու, իսկ հակամարտությանն ամերիկյան ցանկացած միջամտություն անշրջելի վնաս կպատճառի նրանց»,- հավելել է Իրանի գերագույն առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում: