Կառավարությունն ունի սկզբունքային մի քանի նկատառումներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագծի վերաբերյալ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը:
Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարությունը պնդում է, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման մեջ պետք է սահմանվեն տվյալ որոշմանը համապատասխան կրճատ ժամկետով ծառայության անցնելու դիմումների առավելագույն քանակ, քվոտա, իսկ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը, այսինքն՝ օրենքը պետք է լիազորի գործադիրին՝ պրոցեսն ամբողջությամբ կանոնակարգելու:
«Հայկ Սարգսյանը գումարի այլ չափեր էր ներկայացրել սկզբում. 20 միլիոն դրամ էր նշել: Կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել է 24 մլն դրամը 1 ամսվա համար: Պարոն Սարգսյանը նաև 15 մլն դրամ էր առաջարկել, մենք նախատեսել ենք 4 ամսվա ծառայության համար 18 մլն դրամ: Նաև համաձայնություն ենք տվել՝ կապված քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, 15 մլն դրամի գումար վճարելու պայմանին՝ ձևակերպումները որոշակի փոփոխության ենթարկելով»,- ասաց նա:
Նաև առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխության փոխարեն «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ-ի նկատմամբ 15 մլն դրամի չափով հանրային-իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացու՝ զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետբյուջեի վճարման ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:
Ինչ վերաբերում է առողջության հիմքով փորձաքննության ենթարկելու և նմուշառումից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն, ապա, ըստ նախարարի տեղակալի, այս կետն առավել խորությամբ պետք է քննարկվի ԱԺ-ում:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, համաձայն որի՝ մի շարք կետերով գումարի դիմաց առաջարկվում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կետերից մեկը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն: