Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այն կներառի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների օգտագործումն արգելելու առաջարկ: Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
FT-ի հաղորդմամբ՝ փաթեթը կներառի նաև ռուսական նավթի գնիջեցում՝ մեկ բարելի համար 60 դոլարից մինչև 45 դոլար: ԵՄ-ն նաև նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուսական որոշ բանկերի և նավերի նկատմամբ:
Ըստ The Guardian-ի՝ ցուցակում կներառվի ստվերային նավատորմի 70 նավ և 22 բանկ, որոնք կանջատվեն SWIFT համակարգից: ԵՄ-ն հաջորդ պատժամիջոցների փաթեթին կավելացնի նաև Բելգիայի համար որոշ «անվտանգային միջոցառումներ», որոնք, ենթադրաբար, կպաշտպանեն երկիրը Մոսկվայի իրավական պահանջներից:
Նշվում է, որ Բելգիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 190 միլիարդ եվրոյի ակտիվներ:
Մայիսի 16-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին կոչ էր արել մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և խոստացել նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսքի», Ռուսաստանի էներգետիկայի և ֆինանսական ոլորտի դեմ: Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ կաջակցի «Հյուսիսային հոսքի» դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի առաջարկին:
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան