Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այն կներառի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների օգտագործումն արգելելու առաջարկ: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Փաթեթով նախատեսվում է նաև նվազեցնել ռուսական նավթի համար սահմանված առավելագույն գինը՝՝ մեկ բարելի համար 60 դոլարից հասցնելով 45 դոլարի:
Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուսական որոշ բանկերի և նավերի նկատմամբ: Ըստ The Guardian-ի՝ ցուցակում կներառվի ռուսական նավթի վաճառքով զբաղվող ստվերային նավատորմի 70 նավ և 22 բանկ, որոնք կանջատվեն SWIFT համակարգից:
Մայիսի 16-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին կոչ էր արել մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և խոստացել նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսքի», Ռուսաստանի էներգետիկայի և ֆինանսական ոլորտի դեմ: Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ կաջակցի «Հյուսիսային հոսքի» դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի առաջարկին:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։