Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ինքը հիշում է՝ տարբեր ժամանակներում բյուջեին տրվել են տարբեր ձևակերպումներ՝ ճգնաժամի բյուջե, հետճգնաժամային բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե, նշեց՝ տարբերակումները պետք է հանել, որովհետև ՀՀ-ում պետք է լինի երջանկության բյուջե, այսինքն՝ բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին երջանիկ լինելու համար:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք, բայց չեմ ուզում և չեմ կարող ժխտել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև կենցաղային պայմաններ»,- նշեց նա:
Վարչապետը մի արձանագրում արեց, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար, հիշեցրեց՝ առիթ ունեցել է Կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ եթե մարդն ունի հարմար, նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում՝ ինքը բարեկեցիկ է ապրում:
Մարդու անհատական բարեկեցությունը, ըստ Փաշինյանի, կախված է ոչ այնքան նրանից, թե ինքն ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, այլ շատ ավելի կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեն որքան փող է ծախսում այդ նույն մարդկանց ընտանիքի և անհատի բարեկեցության համար:
«Այս ընկալումն առանցքային է, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն ՀՀ-ում: Ի վերջո, եկեք հասկանանք՝ ՀՀ-ում չկա գեթ մեկ քաղաքացի, որը ինքն իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան ՀՀ պետական բյուջեն, հետևաբար պետք է հասկանանք, որ չափազանցություն չկա նրանում, որ ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է»,- ընդգծեց վարչապետը: