ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։
«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է Սարգսյանը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել էին որոնողական աշխատանքները:
Հիշեցնենք՝ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում էին ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Որոնողական աշխատանքներին ներգրավված էր մոտ 860 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
Ստուգվել էին առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ էին տարվել ավելի քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել էին շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։