Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել Վատիկանում ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների կազմակերպմանը։ Խորհրդակցությունների հաջորդ փուլն այնտեղ անցկացնելն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։ «Վատիկանը՝ որպես բանակցությունների անցկացման վայր, այնքան էլ հարմար չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է:
Երեքշաբթի նորընտիր Հռոմի Պապ Լևոն XIV-ը հաստատել էր, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալելու նման հանդիպում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ կողմերը խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների վայրի վերաբերյալ։ Նա որպես հնարավոր հարթակներ էր նշել Վատիկանը, Շվեյցարիան և Թուրքիան։
Հինգշաբթի Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել էր, որ Մոսկվային դուր չի գալիս Վատիկանում բանակցություններ կազմակերպելու գաղափարը և սպասում է դրանց հաջորդ փուլին Ստամբուլում, որտեղ մայիսի կեսերին տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին ուղիղ հանդիպումը՝ 2022 թվականի գարնանից ի վեր։
Ուրբաթ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան համաձայն չէ հանդիպումը Վատիկանում անցկացնելուն, բայց դեռևս «գաղափարներ» չունի հանդիպման հնարավոր հարթակների վերաբերյալ։