Գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել, և առաջին 1-2 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե ինչ ընթացք ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած Արարատ Միրզոյանի մահափորձի վերաբերյալ գործը:
«Կոնկրետ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել էր, և այդ մասով էլ էր դատարան ուղարկվել: Ներկայումս չգիտեմ, թե դատարանում ինչ փուլում է քրեական գործը»,- ասաց նա:
ՔԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ներկայում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:
«Առանձին-առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ են կատարվել,- ասաց նա, ապա հավելեց,- հավաստիացնում եմ, որ հենց հիմա այս գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորումը՝ անհետաձգելի գործողությունների, և շուտով արդյունքներ կունենանք, որովհետև, ի պատիվ ԱԱԾ-ի, բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք»: