Ռումինիայում կրկնակի քվեարկության առաջին փուլում ձայների ավելի քան 40%-ը ստացած ծայրահեղ աջ թեկնածու, AUR կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը Ուկրաինայից փոխհատուցում է պահանջել Կիևին փոխանցված ռումինական Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար, ինչպես նաև խոստացել է հաղթանակի դեպքում լիովին դադարեցնել աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Digi24 պարբերականը։
Հարցին, թե արդյոք Ռումինիան կքվեարկի Եվրոպական խորհրդում Ուկրաինային աջակցության նոր փաթեթի օգտին, նախագահի թեկնածուն պատասխանել է, որ «կքվեարկի միայն ռումինական ազգի շահերին համապատասխանության դեպքում և առանց մյուս պետություններին առաջնահերթություն տալու»։
Գեորգե Սիմիոնի խոսքով՝ պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշումն է «զենքի մատակարարումից, էսկալացիայից հրաժարվելը, Թրամփի վարչակազմի քաղաքականությանը լիովին համապատասխանելը»։
Մյուս երկրներին այլևս գումար չտալու խոստումից բացի, Սիմիոնը հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայից փոխհատուցում ստանալ այն օգնության համար, որը Ռումինիան արդեն ցուցաբերել է Կիևին: «Ուկրաինան մեր կարիքն ունի, մեզ այն պետք չէ, ուստի Կիևը պետք է հարգի Ուկրաինայում բնակվող կես միլիոն ռումինացիների ազգային և կրոնական իրավունքները: Եվ մենք, անշուշտ, փոխհատուցում ենք ցանկանում մինչ այժմ ռազմական գործողություններին Ռումինիայի մասնակցության համար»,- ասել է Ռումինիայի նախագահի թեկնածուն:
Նրա խոսքով ՝ փոխհատուցումը կարող է ձևակերպվել Ուկրաինայի վերականգնման, հացահատիկի մատակարարման կամ այլ ձևերի վերաբերյալ պայմանագրերի տեսքով: