ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն իրենց օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Թրամփը մայիսի 8-ը հայտարարել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Նա ասել է, որ ամերիկյան զորքերը «գերիշխող ուժ» են եղել ֆաշիզմի դեմ պայքարում, իսկ խորհրդային զորքերը «կարևոր դեր» են խաղացել։ Մայիսի 9-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մի գրառում, որում դաշնակից ուժերի հաղթանակը նացիստների նկատմամբ անվանել է ընդհանուր հաղթանակ։
ՌԴ նախագահ Պուտինն էլ Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում շեշտել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը որոշել են խորհրդային զինվորները։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է արևմտյան բանակների և Չինաստանի ներդրումը, բայց երբեք չի ընդունի պատմության խեղաթյուրումը։