Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ բացատրել է, որ Վաշինգտոնը չի կարող առևտրային հարցերը քննարկել Եվրամիության առանձին անդամների հետ, «քանի որ մենք կարող ենք և ցանկանում ենք միասնական ճակատով գործել առևտրային հարցերում», - Մերցի խոսքը մեջբերում է Bloomberg-ը:
Միաժամանակ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-Մեծ Բրիտանիա առևտրային համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Մերցը նաև այն տեսակետն է հայտնել, որ սխալ է առևտրային վեճը սրելը և լավագույն տարբերակը զրոյական մաքսատուրքերն են:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մերցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար Թրամփի հետ հանդիպել, երբ կողմերն ունենան կոնկրետ առևտրային առաջարկների փաթեթ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը ցանկանում է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով՝ առանց մաքսատուրքերի բարձրացման, բայց և պատրաստում է հակազդեցություններ երկխոսության «անբավարար արդյունքների» դեպքում։
Ըստ Bloomberg-ի, եթե բանակցությունները ձախողվեն, Եվրամիությունը 95 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր է պատրաստում ամերիկյան ապրանքների՝ ինքնաթիռների, մեքենաների, բուրբոնի համար։