Վարչապետը նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դարձյալ հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի՝ Ղարաբաղի բանակցությունների, պատերազմը հետաձգել-չհետաձգելու թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը նաև հաստատել է, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարությանը: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ գրաֆիկը խիտ է լինելու, կլինեն նաև շփումներ: Փաշինյանը հերքել է մեկնաբանությունները, թե նման միջոցառումները կարող են վնասել Արևմուտքի հետ հարաբերություններին:
«Արտահերթ ընտրությունների չենք պատրաստվում»,- դարձյալ այսօր հայտարարել է վարչապետը:
Անդրադառնալով քաղաքացիների հետ շփմանը՝ Փաշինյանը վստահեցրել է, որ դա իր ամենօրյա աշխատանքի շատ կարևոր մասն է, որովհետև միշտ հավատացել է քաղաքացու հետ երկխոսությանը և չի հավատացել աղմուկին:
Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: