Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Դևիդ Լեմին, Ժան Նոել-Բարոն և Անալենա Բերբոկը չեն մասնակցի Լոնդոնում ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպմանը, հաղորդում է Sky News-ը։
Հանդիպումը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով։ Ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտողւար Մարկո Ռուբիոն չեղարկել է բանակցություններին իր մասնակցությունը։ BBC-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարի և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի փոխարեն բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան Լոնդոնում երկկողմ հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի հետ, հաղորդում է Sky News-ը։
The Wall Street Journal-ը նախկինում նշել էր, որ երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է Վաշինգտոնի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ծրագրի մի շարք դրույթները, չորեքշաբթի Լոնդոնում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Կիևի մասնակցությամբ նախատեսված բանակցություններում առաջընթացը քիչ հավանական է թվում։ Մասնավորապես, Զելենսկին «մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ՝ որպես հրադադարի համաձայնագրի մաս՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- ասվում է պարբերականում։