Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Հայաստանի-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը, քանի որ, Գալուզինի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և զարգացման կարևոր գործոն է: Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին:
Քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում ՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։