Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասով միայն այս պահին դատախազության կողմից քննվող 147 հայցադիմում կա, որով պահանջվում են 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինն այս հայցերի 608 մլրդ դրամ է, մոտ 1,5 մլրդ դոլար: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նախորդ իշխանությունների ղեկավարման ժամանակաշրջանին վերաբերող գործերին:
Անդրադառնալով Գյումրիում կայացած ընտրություններին և ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մասնակցելով տարբեր ընտրությունների, կարող է և՛ հաղթել, և՛ պարտվել, մինչդեռ ընդդիմությունը նույնիսկ չի էլ մասնակցել, օրինակ, Գյումրու ընտրություններին:
«Գնացեք դուք էլ մասնակցեք, մի տեղ հաղթեք, մի տեղ պարտվեք, մի տեղ հետևություններ արեք, թե ինչը սխալ արեցիք: Բայց դուք դա չեք կարող անել, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք»,- ասաց Կոնջորյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ժիգուլին» տարիների ընթացքում չի փոխվել ու չի կատարելագործվել:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:
Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:
Գյումրի համայնքի նորընտիր ավագանին համայնքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին: Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: