Երեքշաբթի գիշերը մի քանի ֆրանսիական բանտ հարձակման է ենթարկվել, անհայտ անձինք հրկիզել են բանտերի կայանատեղիներում կայանված մեքենաները, իսկ ուղղիչ հիմնարկներից մեկի վրա կրակել են ավտոմատ զենքերից, տեղեկացնում է BBC-ն։
Հարձակումները սոցիալական ցանցերում հաստատել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ դրանք կապելով վերջին շրջանում իշխանությունների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ ջանքերի հետ։
Անցած ամիսներին Ֆրանսիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները խոստացել են ուժեղացնել պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների դեմ։
«Մի քանի բանտում անձնակազմին վախեցնելու փորձեր են ձեռնարկվել՝ մեքենաներ այրելուց մինչև ինքնաձիգ զենքերից կրակոցներ»,- ասել է արդարադատության նախարարը:
Ինչպես նշում է Le Parisien թերթը, հարձակման է ենթարկվել ընդհանուր առմամբ 7 քրեակատարողական հաստատություն՝ 5-ը՝ երկրի հարավում, 2-ը՝ Փարիզի մոտակայքում։
Երկրի իշխանությունները հարձակումները որակել են ահաբեկչական և հետաքննությունը վստահել են Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությանը։
«Պետության պատասխանը պետք է կոշտ լինի»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռըտայոն: