Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման և հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունների ֆոնին Իսրայելի վարչապետը դիմել է ՀԱՄԱՍ-ին՝ «սա միայն սկիզբն է, բանակցությունները շարունակվելու են կրակի ներքո»: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ հրադադարի առաջին փուլի ավարտից հետո ՑԱՀԱԼ-ը հարվածներ չէր հասցնում պաղեստինյան շարժմանը՝ հույսով, որ ՀԱՄԱՍ-ը կվերանայի իր մոտեցումները: «Մենք ցանկանում էինք երկարաձգել հրադադարը, բայց ոչ մի գերի չստացանք»,- ասել է վարչապետը: Նեթանյահուն կոչ է արել Գազայի հատվածի բնակիչներին խուսափել ՀԱՄԱՍ-ի հետ ցանկացած շփումից և հեռանալ անվտանգ շրջաններ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Իսրայելին աջակցելու համար: «Իսրայելը պայքարելու է և հաղթելու է»,- շեշտել է նա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աղետ է որակել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը: «Այժմ պատանդների ճակատագիրը, Իսրայելում, Գազայի հատվածում և ամբողջ Մերձավոր Արևելքում մարդկանց ապագան կրկին մազից է կախված: Կոչ եմ անում բոլորին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Անալենա Բերբոքը:
Իսրայելում էլ բողոքի ցույցեր են սկսվել: Հազարավոր իսրայելցիներ քննադատում են Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը և հրադադարը խախտելու որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում: