Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ստորագրել:
Փաստաթղթում նշվում է, որ բանակցություններն անցել են բարեկամության, փոխըմբռնման և վստահության մթնոլորտում, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ և բելառուսա-ռուսական լայնածավալ համագործակցության հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները:
Նախագահները նաև հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրն այսօր մտել է օրինական ուժի մեջ: ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները կկարողանան մասնակցել երկու երկրների տեղական ընտրություններին՝ թե որպես ընտրող, թե որպես թեկնածու:
«Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն համատեղ կառուցել «Միութենական պետություն», խորացնել ինտեգրումը՝ նպաստելով կայուն տնտեսական աճի ապահովմանը, մեր երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի և բարեկեցության բարձրացմանը», - ասել է Պուտինը:
Լուկաշենկոն էլ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված նոր իրավիճակը: Նրա խոսքով՝ ՌԴ-ն և Բելառուսը կշարունակեն անհրաժեշտության դեպքում հակազդել ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ ռազմական ոլորտում:
Նախագահները նաև համաձայնագիր են ստորագրել երկու երկրների քաղաքացիներին օտարերկրյա կառույցների կողմից անհիմն ճնշումներից պաշտպանելու միջոցառումների մասին: