Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։
Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։
Յուրաքանչյուր ամիս ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու են ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։
Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝
մարտի 13-ին՝ ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում.
մարտի 20-ին՝ ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին՝ ժամը 10։30-12։30, պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում.
մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
-
անձնագրի փոխանակում,
-
հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
-
հաշվառման տեղեկանքի տրամադրում,
-
ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
-
հաշվառումից հանում,
-
ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
-
անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
-
խորհրդատվության տրամադրում։
Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․
-
վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
-
սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
-
հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
-
հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
-
տրանսպորտային միջոցի խոտանում,
-
հաշվառման ժամանակավոր կասեցում,
-
սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում։