Հայաստան այցելած թուրք լրագրող Բարչըն Յինանչը turkeyindepth.com կայքում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին՝ վերլուծելով դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա։ Նրա «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» հոդվածում շեշտադրվում են մի քանի առանցքային հարցեր։
Ըստ հեղինակի՝ Թուրքիան Ուկրաինայում հնարավոր խաղաղության համատեքստում Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը առաջնահերթ է համարում։ «Ադրբեջանը, սակայն, չի շտապում, քանի որ չի անհանգստանում Ուկրաինայում խաղաղություն հաստատվելու դեպքում տարածաշրջան Ռուսաստանի վերադարձով»,- գրում է նա։
Յինանչը Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները համեմատել է ԱՄՆ-Իսրայել կապերի հետ, որտեղ փոքր պետությունը մեծի քաղաքականության վրա ազդելու մեծ լծակներ ունի։ Ըստ հոդվածագրի՝ Ալիևը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարային մանևրելու հնարավորություն չի թողնում և արգելափակում է Անկարայի ինքնուրույն երկխոսությունը Երևանի հետ։ Նա ընդգծում է, որ չնայած Թուրքիան խոստացել էր զուգահեռ երկխոսություն, Բաքուն պահանջում է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։
Յինանչը գրում է, որ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագիրը, սակայն Ալիևը անտեսում է այս կոչերը, և Թուրքիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես խաղաղության հասնելու կարևոր գործոն, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։
Ըստ հեղինակի՝ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, Ռուսաստանը կարող է նորից կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ, սակայն Ադրբեջանը դրանից չի մտահոգվում, քանի որ գերադասում է ունենալ թուլացած, ռուսական ազդեցության տակ գտնվող Հայաստան, քան անկախ ու ժամանակի ընթացքում հզորացող արևմտամետ Հայաստան։
Յինանչը վստահություն է հայտնել, որ Էրդողանի կառավարությունը կախվածություն ունի Ալիևի տնտեսական աջակցությունից, ինչը սահմանափակում է Անկարայի ազդեցությունը Բաքվի վրա։