Թուրքիայի նախագահն ամփոփել է օրերս Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի հետ առցանց մասնակցել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, խորհրդակցություններ անցկացրել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում իրավիճակին, նշել՝ Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։
«Սիրիայի իշխանությանն անհրաժեշտ խորհրդատվություն ենք տրամադրում՝ ներկայիս լարվածությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար: Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան վարում է ներառական քաղաքականություն, որը բացառում է ռևանշիզմը»,- ասել է Էրդողանը։
Նա խոսել է եվրոպական անվտանգության խնդիրներից, նշել՝ եվրոպացի գործընկերները պետք է հասկանան Թուրքիայի դերը և հաշվի առնեն դա իրենց ռազմավարությունները մշակելիս: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ և ցանկանում լիարժեք անդամակցություն ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում: