Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խմբի ղեկավարը հաջողված է համարում մեր երկրում խմբի վերջին երկու տարվա գործունեությունը:
Առաքելության հիմնական նպատակը դիտարկումներն են հայ-ադրբեջանական սահմանին, դիտարկման գործիքակազմը՝ դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ:
Առաքելությունը ոչ մի հետախուզական աշխատանք չի կատարում և ոչ մեկին չի օգնում պատրաստվել ռազմական էսկալացիայի: Ավելին, դիտորդական խմբի դիտարկումները ցույց են տալիս, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի պոտենցիալ չկա:
Եվրամիության անդամ 27 երկրից 25-ը Հայաստանում դիտորդ ունի: Խմբին ցանկանում է միանալ նաև Նորվեգիան:
Երկու տարի առաջ առաքելության առաջին օրերին թիվ 1 նպատակը հակամարտությունից տուժած տարածքներում խմբի հանդեպ վստահության ամրապնդումն ու մարդկանց անվտանգությունն էր:
Երկու տարի հետո դիտորդական առաքելության ղեկավարը Վայոց ձորի սահմանային հատվածում բոլորովին այլ իրավիճակ է տեսնում՝ գյուղերում խանութներ են բացվում, մարդիկ կառուցում են տներ, նշանակում է, որ իրենց բնակավայրերում ապագա են տեսնում:
«Լուրերի» թղթակից Իրինա Մկրտչյանն անձամբ է դիտորդական խմբի հետ մեկնել սահմանային դիտակետ: