ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդ Մահմուդ Մարդավին հայտարարել է, որ պաղեստինյան խմբավորումը չի մասնակցի հրադադարի վերաբերյալ հետագա քննարկումներին, քանի դեռ Իսրայելը չի ազատել 620 պաղեստինցու, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը, հայտնում է Al Jazeera-ն:
Շաբաթ օրը, երբ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել իսրայելցի վեց պատանդի, վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադարի համաձայնագրի շրջանակում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կհետաձգվի «այնքան ժամանակ, քանի դեռ չի երաշխավորվել պատանդների հաջորդ ազատումը, և առանց նվաստացուցիչ արարողությունների»:
Al Jazeera-ն գրում է, որ Իսրայելը տանկեր է ուղարկում Արևմտյան ափ՝ պատճառաբանելով, որ ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է Գազայի հատվածի վերաբերյալ բանակցությունները: Ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ իսրայելական տանկերը մտցվել են օկուպացված Արևմտյան ափ՝ ուժեղացված ռազմական հարձակման շրջանակներում, որի արդյունքում 40000 պաղեստինցի ստիպված է եղել լքել երկրի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարները, գրում է պարբերականը:
Իսրայելական լրատվամիջոցներն էլ, հղում անելով վարչապետին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ բանակը մտադիր է մեծ միջանցքներ ստեղծել Թուլկարմում և Ջենինում, որոնք հիշեցնում են այսպես կոչված Նեցարիմ միջանցքը Գազայում, որպեսզի կարողանա ազատ տեղաշարժել իր ուժերն ու ծանր տեխնիկան: