Ստացվել են արձագանքները Թրամփի հայտարարությանը, որով նա առաջարկում է պաղեստինցիներին չվերադառնալ Գազայի հատված, այլ բնակվել հարևան պետություններում, իսկ ինքը ծրագրել է այդ տարածաշրջանը վերցնել ԱՄՆ-ի հսկողության տակ ու վերածել ծաղկող շրջանի:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Պաղեստինի իշխանությունները և Արաբական լիգան միացել են Եգիպտոսին ու Հորդանանին՝ մերժելով պաղեստինցիներին Գազայի հատվածից ու գրավյալ Արևմտյան ափից արաբական այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ Թրամփի առաջարկը: Սակայն ԱՄՆ նախագահը պնդում է, որ կարող է համոզել Եգիպտոսին ու Հորդանանին ընդունել տեղահանված պաղեստինցիներին՝ շնորհիվ այն զգալի օգնության, որ ԱՄՆ-ն ցուցաբերում է Կահիրեին և Ամմանին:
Թրամփի առաջարկն արժանացել է նաև ԱՄՆ-ի քաղաքական գործիչների քննադատությանը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն արդեն կտրուկ են արձագանքել Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի առաջարկին։
«ԱՄՆ-ի ներխուժումը Գազա կհանգեցնի հազարավոր ամերիկացի զինվորների մահվան և Մերձավոր Արևելքում տասնամյակների պատերազմին»,- գրել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին X սոցիալական ցանցում:
Թրամփի ծրագրին թերահավատորեն է վերաբերվել նրա կողմնակից, հանրապետական սենատոր Հարավային Կարոլինայից Լինդսի Գրեհեմը: «Տեսնենք, թե ինչ կասեն մեր արաբ ընկերներն այս մասին»,- մեջբերում է AP-ն նրա խոսքը:
Ըստ BBC-ի՝ նախագահ Թրամփի մեկնաբանությունները նաև ակնհայտ անհանգստացրել են ԱՄՆ շատ ընտրողների, որոնք հրաժարվել էին քվեարկել Ջո Բայդենի օգտին՝ Գազայի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով:
ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ Գազայի բնակիչները պետք է լքեն անկլավը, իրենք դիտարկում են որպես «տարածաշրջանում քաոս և լարվածություն ստեղծելու բաղադրատոմս»:
«Գազայի հատվածի մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականություն դառնան։ Անհրաժեշտ է վերջ տալ մեր ժողովրդի դեմ օկուպացիային և ագրեսիային, այլ ոչ թե վտարել նրան իր հողից»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին։