Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նման թվեր է նշել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհվածի և 370 հազար վիրավորի մասին։
Ուկրաինացի առաջնորդն այն ժամանակ ռուսական կորուստները գնահատել էր գրեթե 200 հազար սպանված և 550 հազար վիրավոր, իսկ այս անգամ նա ասել է, որ հակառակորդը կորցրել է 300-350 հազար զինվորական, 70 հազարը անհայտ կորել են, իսկ վիրավորների առավելագույն թիվը 700 հազար է։
Ըստ UALosses նախագծի, որը հիմնված է բաց տվյալների վրա, Ուկրաինայի զինված ուժերի սպանված զինծառայողների թիվը 63584 է՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս:
Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի հաղորդում։ Լրագրողներն ու կամավորները կարողացել են բաց աղբյուրներից բացահայտել առնվազն 91059 ռուս զինվորականների անունները, որոնք մահացել են Ուկրաինայի պատերազմի ժամանակ։ Այս տվյալները 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ են և պարբերաբար թարմացվում են։
Զելենսկին Փիրս Մորգանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինան այժմ չի կարող վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։ «Մենք ադեկվատ ժողովուրդ ենք և չենք կարող միլիոնավոր մարդկանց կորցնել հանուն մի արդյունքի, որը դեռ փաստ չէ, որ տեղի կունենա»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը՝ ընդգծելով, որ Կիևը երբեք չի ճանաչի Մոսկվայի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նկատմամբ։
Զելենսկին նշել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։