ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) իր աշխատակիցներին առաջարկել է 8-ամսյա արձակուրդի վճար՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դիմաց, որպեսզի կարողանան գերատեսչությունը համապատասխանեցնել Դոնալդ Թրամփի առաջնահերթություններին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Բացի այդ, ԿՀՎ-ն դադարեցրել է այն աշխատակիցների հավաքագրման գործընթացը, որոնք արդեն աշխատանքի հրավեր են ստացել, գրում Է WSJ-ն՝ վկայակոչելով վարչության տնօրենի օգնական Ջոն Ռեթքլիֆին։ Նա շեշտել է, որ թեկնածուները պետք է համապատասխանեն ԿՀՎ-ի նոր նպատակներին, ներառյալ թմրակարտելների դեմ պայքարն ու Չինաստանին դիմակայելը:
ԿՀՎ անանուն ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ որոշումը «գործակալությանը նոր էներգիա հաղորդելու ռազմավարության մի մասն է»: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը նմանատիպ փոխհատուցում էր առաջարկել հարյուր հազարավոր պետական ծառայողների՝ բյուրոկրատական ապարատի կրճատման վերաբերյալ հրամանագրի շրջանակում, սակայն հայտնի չէր, թե արդյոք այդ միջոցը կվերաբերի նաև ԿՀՎ-ին: Արհմիությունները, փաստաբանները, ինչպես նաև դեմոկրատ օրենսդիրները պնդել են, որ խոստացված փոխհատուցումն իրավաբանորեն կասկածելի է, և Կոնգրեսը միջոցներ չի հատկացրել նման լայնածավալ ծրագրերի համար։