Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ասել է, որ Միացյալ Նահանգները «կվերահսկի» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան: Հայտարարությունը Թրամփն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելի ուշ նկարագրելով իր տեսլականը տարածքի վերաբերյալ որպես նոր «Ռիվիերա», գրում է CNN-ը:
«Գազան մեր հսկողության տակ կլինի, և մենք պատասխանատու կլինենք տեղում բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և մյուս զենքերի ապամոնտաժման, տարածքը հարթեցնելու ու ավերված շենքերից ազատելու համար, մենք տնտեսապես կզարգացնենք տարածքը, կստեղծենք հազարավոր աշխատատեղեր»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Եգիպտոսն ու Հորդանանն արդեն մերժել են լրացուցիչ պաղեստինցի փախստականներ ընդունելու գաղափարը:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն է եկել իր երկրում առկա հակասությունների ժամանակ՝ պարզելու, թե որն է Թրամփի դիրքորոշումը Գազայում հրադադարի հաջորդ փուլում:
Նեթանյահուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի գաղափարը «ուշադրության է արժանի»: Նա ասել է, որ Իսրայելը կենտրոնացած է այն բանի վրա, որ անկլավային տարածքն այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար: Նրա խոսքով՝ Թրամփը «Գազայի համար ուրիշ ապագա է տեսնում»: Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ աջակցության համար և Թրամփին անվանել «Իսրայելի լավագույն ընկերը Սպիտակ տանը»: