ԵՄ-ն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը․ Վասիլիս Մարագոսի ուղերձը

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն Ամանորի առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․

«Հայաստանի սիրելի բարեկամներ,

Տարեմուտի շեմին ցանկանում եմ ջերմագին ողջույններ հղել ձեզ Եվրոպական միության անունից։

Ավարտվող տարին կարևոր ձեռքբերումների տարի է՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունը։

Մենք աջակցել ենք ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին բազմաթիվ ոլորտներում, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ կրթություն, տրանսպորտ, ավիացիոն անվտանգություն, միջուկային անվտանգություն, ոստիկանության և արդարադատության ոլորտների բարեփոխումներ. մենք ներդրում ենք ունեցել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի (մասնավորապես արևային վահանակների) և թափոնների կառավարման ոլորտներում։

Մենք աջակցել ենք զբոսաշրջությանը, տեղական համայնքների զարգացմանը, սոցիալական համահարթեցմանը, երիտասարդությանն ու մշակույթին։ Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023 թ. սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանը մոբիլիզացրել է ավելի քան 600 մլն եվրո, ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրամադրելով նոր հնարավորություններ փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը, կին ձեռներեցներին։ Անցյալ ամիս մենք ստորագրեցինք 70 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանսների հասանելիության հետագա բարելավման համար:

Բացի այդ, մենք հայտարարեցինք 270 մլն եվրո բյուջե նախատեսող Հայաստանի դիմակայունության և աճի ծրագիրը՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունն ու այն Եվրոպային ավելի մերձեցնելու նպատակով։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերի շրջանակում մենք շարունակել ենք ներգրավվել գործընկերների հետ, և Հայաստանում ԵՄ առաքելությունը շարունակել է իրականացնել իր մանդատը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունն ու նպաստելով վստահության ամրապնդմանը։ Վերջերս այն իրականացրեց իր 4000-րդ պարեկությունը։

Եվ, վերջապես, մենք գործարկել ենք Խաղաղության եվրոպական գործիքակազմը Հայաստանի համար, մեկնարկեցինք մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է առանց վիզայի ճամփորդելու հնարավորության ներդրումը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող անվտանգային և շարժունակության պայմաններ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Հայաստանի բոլոր շահառուներին և իմ գործընկեր՝ ԵՄ երկրների դեսպաններին՝ գերազանց համագործակցության ու նվիրումի համար։ Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահենք միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։

Թող Նոր տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և թող այն ամրապնդի ձեր երազանքներին հետամուտ լինելու ձեր նվիրումը։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում